Արտյոմն անմահացավ զորակոչվելու իններորդ ամսում
Արցախում զոհված Արտյոմ Առաքելյանը 22 տարեկան էր, Երևանից, ապագա ատամնաբույժ: Արտյոմի քույրը՝ Անահիտը, Freenews.am-ի հետ զրույցում պատմեց. «Սովորում էր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսում, ծառայում էր Մատաղիսում: 9 ամիս էր, Արտյոմին չէինք տեսել, երբ արդեն պիտի արձակուրդ գար կորոնավիրուսի բռնկման պատճառով չկարողացա, դրան հաջորդեց պատերազմը, այդպես էլ չտեսանք նրան: Մինչև հոկտեմբերի 20-ը գրեթե ամեն օր խոսում էին նրա հետ, ասում էր որ ամեն ինչ նորմալ է, իրենք ապահով տեղում են»:
Անահիտը պատմում է՝ եղբայրը երբեք չի բողոքել, ընդհակառակը, հարազատներին անընդհատ գոտեպնդել է, ասել, որ իրենց մոտ ապահով է, հանգիստ ու լավ:
«Որոշել էր հայրիկիս նման դառնալ ատամնաբույժ, երազում էր ընկերոջ հետ ատամնաբուժարան բացել, մեծ պլաններ ուներ: Նաև արծաթե կախազարդեր էր պատրաստում, ասում էր՝ դա էլ կողքից բիզնես եմ անելու»,-հիշում է Անահիտը:
Նա հիշում է՝ հոկտեմբերի 20-ից հետո երբ զանգում էին, անգամ զանգ չէր գնում, ծառայակից ընկերների հետ էլ չէին կարողանում կապ հաստատել: Արտյոմ Առաքելյանը անմահացավ հոկտեմբերի 23-ին՝ բազմաթիվ պլաններ ու լուսավոր ապագան թողնելով անկատար:
Կարծիքներ