Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է՝ որն է Լիբանանի գլխավոր խնդիրը
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրուլլան հանդիսանում է Լիբանանի հիմնական խնդիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Չնայած որ Նասրուլլան հյուսիսային ճակատում մեր մեծ թշնամին է, նա Լիբանանի համար ամենամեծ խնդիրը ներկայացնում է հենց երկրի ներսում: Մենք տեսանք ենք Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունը: Իսրայել պետությունն օգնություն է առաջարկել»,-Գանցի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե այդ ամենը կրկնվի լիբանանյան գյուղերում իրանական զենքի հետ: Լիբանանում մեկ տանիքի տակ գոյություն ունեն հյուրատնային սենյակներ և հրթիռների պահպանման սենյակներ: Եվ եթե այդ հրթիռը պայթի, հյուրատնային սենյակն էլ կքանդվի, և Լիբանանի քաղաքացիական հասարակությունը մեծ գին կվճարի: Որպես ռազմական գերատեսչություն, մենք բախվում ենք թշնամիների հետ, որոնք զենքը պահում են քաղաքացիական օբյեկտներում: Եթե մեզ կռվելուց բացի այլ ելք չթողնեն, դա կարող է լուրջ հետևանքների բերել»,-ավելացրել է Գանցը:
Նախորդ ուրբաթ Հասան Նասրուլլան հեռուստաուղերձով հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ»-ի զենքի առկայության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման շշուկները ուղղված են ողբերգությունը քաղաքականացնելուն:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, վիրավորները 6 000-ից ավելի են։
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
Կարծիքներ