Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին

Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․ «Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին  մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։ 

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն  է հայտնել վստահության համար՝  նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը, և ինքն անելու է ամեն հնարավորը՝ դա ապահովելու համար։

Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին համատեղ աշխատանքի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում