Ինչ է կատարվում Հայաստանի հյուրանոցներում Ամանորի նախաշեմին
Ամանորը հայերիս ամենասիրելի տոներից մեկն է։ Մեզնից շատերը նախընտրում են այն նշել ընտանեկան կամ ընկերական միջավայրում, շատերն էլ՝ հյուրանոցներում կամ հյուրատներում։ Պատերազմական դրությունից ելնելով՝ այս տարի Հայաստանում տոնը չի նշվի այնպես, ինչպես նախորդ տարիներին էր։ Հետաքրքրությունից ելնելով Freenews.am լրատվականը զանգահարել է մի քանի հյուրանոցներ պարզելու համար՝ արդյո՞ք այս տարի կան ամանորյա փաթեթներ և միջոցառումներ։ Ծաղկաձորում գտնվող «Ռոսսիա» հյուրանոցից մեզ հայտնեցին․ «Այս տարի ևս ունենք Ամանորյա փաթեթներ, համեմատած նախորդ տարիների այս տարի փաթեթների գները իջեցվել են։ Ամենացածրը 660,000 դրամ է նախկին 900,000-ի փոխարեն, դրանք իրենց մեջ ներառում են գալա-ընթրիք, երեքանգամյա սնունդ և շատ թեթև միջոցառումներ՝ վերաբերող երեխաներին։ Բոլոր սենյակներն ամրագրված են, մեկ-երկու ազատ սենյակ ունենք։ Մարդիկ սկսել են ամրագրել անցած շաբաթվանից»․ Հյուրանոցից փոխանցում են՝ չէին սպասում, որ երկու-երեք օրվա մեջ բոլոր փաթեթները կամրագրվեն։ Ամենա մատչելի փաթեթը նախորդ տարի եղել է 900․000 դրամ, հիմա՝ 660․000 դրամ է, ամենաթանկ փաթեթը եղել է 2․ 258․000 դրամ, իսկ հիմա՝ 1․700 ․000 դրամ ։ Ջերմուկում գտնվող «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում ևս գործելու են ամանորյա փաթեթեներ։ «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի գնային իջեցումներ կան։ Նախորդ տարի երկու անձի համար նախատեսված փաթեթը 890․000 դրամ էր, հիմա ՝ 725․000 դրամ, իսկ մյուսը 820․000 դրամ էր հիմա՝ 675․000 դրամ»,- նշում են հյուրանոցից։ Փաթեթները դեռ չեն սպառվել, ամրագրումները դեռ ընթանում են։ Զանգահարեցինք նաև Ծաղկաձորում գործող «Մարիոթ» հյուրանոց, որտեղից նշեցին՝ պատերազմական դրությունից ելնելով՝ այս տարի Ամանորյա փաթեթներ չունեն և չեն ունենալու։
Կարծիքներ