ԴԺՀ զորքերը վերցրել են Վոլնովախա քաղաքը. ՌԴ ՊՆ-ի նոր ամփոփագիրը
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը գրավել են Վոլնովախա քաղաքը։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով՝ նրանք վերահսկողության տակ են վերցրել նաև Օլգինկա, Վելիկա–Անադոլ, Զելյոնի Գայ բնակավայրերը, առաջ են գնացել 6 կիլոմետր։
Կոնաշենկովն ընդգծել է, որ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլում, ընդհանուր առաջխաղացումը արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից կազմել է մինչև 800 մետր:
Ներկայացնելով հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալները՝ գեներալը հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հարձակողական գործողությունները, դուրս են եկել Պետրովսկոյե–Եվգենովկա–Օկտյաբրսկայա բնագիծ: Առաջխաղացումը կազմել է 17 կիլոմետր։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, ռուսական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ԶՈւ երեք ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5 «Բայրաքթար»։
Բանակային և օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական զինված ուժերի ևս 107 օբյեկտ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Կարծիքներ