ԱԹՍ-ների կորստի հետևանքով Ադրբեջանը շուրջ 200 մլն դոլարի վնաս է կրել. ՀՀ ՊՆ

ԱԹՍ-ների կորստի հետևանքով Ադրբեջանը շուրջ 200 մլն դոլարի վնաս է կրել. ՀՀ ՊՆ

Տավուշում նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի կորստի հետևանքով ադրբեջանական կողմը շուրջ 200 միլիոն դոլարի վնաս է կրել։ Սա հայկական կողմի նախնական հաշվարկն է։ Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 13 ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել Տավուշի սահմանամերձ հատվածում, ևս մեկն էլ խոցվել էր Արցախի հյուսիսարևելյան հատվածում, այսօր փոխանցեց ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

«Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը բերված է, ցուցահանդեսում ներկայացված է, այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան», – հայտնեց նա:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից 4-ը հետախուզական, իսկ 10-ն էլ հարվածային էին։ Ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանն ասում է՝ Ադրբեջանի համար հատկապես լուրջ վնաս էր իսրայելական արտադրության Elbit Hermes 900 ԱԹՍ-ի կորուստը, որի արժեքը հասնում է մինչև 30 միլիոն դոլարի. – «Ամեն մի ԱԹՍ մի քանի հարյուր հազար դոլարների արժողություն ունի, իսկ ավելի մեծերը` միլիոնավոր արժեքների: Բացի դրանից, ամենաթանկը, որ կարելի է ասել, մարդկային կորուստներն են բոլորի համար, որ ինքը միաժամանակ շատ մեծ մարդկային կորուստներ է ունեցել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում