Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր դերը՝ պետության կայացման, ամուր ընտանիքի, հասարակության զարգացման գործում․ Նարեկ Մկրտչյան

Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր դերը՝ պետության կայացման, ամուր ընտանիքի, հասարակության զարգացման գործում․ Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է Կանանց իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։ 

«Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Տոնը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու Ձեր դերն ու կարևորությունը պետության կայացման, ամուր ընտանիքի, հասարակության զարգացման գործում։

Այս օրերին Նյու Յորքում մասնակցում եմ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին, որը հարթակ է բարձրաձայնելու հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ու որոշումների կայացման գործընթացում հավասար մասնակցության ապահովման կարևորության մասին։

Տարբեր հանդիպումների շրջանակում ինքս էլ շեշտում եմ, որ կանանց ներուժի բացահայտման, մասնագիտական կարողությունների զարգացման ու կայուն զբաղվածության ապահովման նպատակով՝ ՀՀ Կառավարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում ու կշարունակի։

Որպես ոլորտը համակարգող գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար առաջնահերթություն է, որ կանանց տրվի հնարավորություն՝ իրենց գիտելիքն ու հմտությունները հիմնովին օգտագործել ի նպաստ երկրի զարգացման։

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և երջանիկ պահեր ապրելու բազում առիթներ»,- նշված է նախարարի ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում