Շոլցը ԵՄ առաջնորդներին կոչ է արել երաշխիքային համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ
ԵՄ բոլոր երկրները պետք է անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրեր կնքեն Ուկրաինայի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Ես շատ եմ ցանկանում և եվրոպացի գործընկերների հետ միասին հորդորում եմ, որ նմանատիպ որոշումներ ընդունվեն բոլոր եվրոպական մայրաքաղաքներում», - ասել է Շոլցը։
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայթը, ստորագրումը Յոթնյակի խմբի (G7) 2023 թվականի հուլիսի համատեղ հռչակագրի իրականացումն է։ Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը առաջինն էր, ով այցելեց Կիև և Զելենսկու հետ ստորագրեց անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա պայմանագիր։ Բրիտանիան խոստացել է այս ընթացքում աջակցել Ուկրաինային։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն ավելի ուշ հայտնել է, որ 11 երկրներ նմանատիպ համաձայնագրերի շուրջ քննարկումների տարբեր փուլերում են։
Կարծիքներ