Սաակաշվիլին դատապարտվել է ևս 4,5 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա բանտարկության 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Սաակաշվիլին նիստին չի մասնակցել։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կայացրել է, ընդհանուր առմամբ, 12 տարի և 6 ամիս բանտարկության դատավճիռ։
2021 թվականին սահմանի ապօրինի հատման համար բանտարկության պատժին ավելացվում է նաև 8 տարի այն 9 տարվանից, որին մարտի 12-ին Սաակաշվիլիին դատապարտել են պետական միջոցների վատնման գործով։ Քանի որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը հաշվարկվում է 2021 թ. հոկտեմբերին ձերբակալման պահից, պատիժը կրելու միագումար ժամկետը կլրանա 2034 թվականին։
2021 թ. հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, բայց ձերբակալվել, ինչից հետո նախկին մեղադրանքներից բացի նրան առաջադրվել էր նոր մեղադրանք՝ սահմանի ապօրինի հատում։
Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստանից հեռացել էր 2013 թվականին, ինչից հետո նրա դեմ երկրում հարուցվել էր չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ Ընթացիկ տարվա մարտի 12-ին դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների վատնման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։
2007 թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրման և վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերման գործերը գտնվում են քննարկման փուլում։ 2022 թ. մայիսին Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։
Կարծիքներ