Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա բազմաշերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կընդգրկի այլ ոլորտներ ևս։

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ուղղությունները և բյուջեն։ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում, որի իրագործմանը ևս Զարգացման ֆրանսիական գործակալությունը մասնակից կլինի։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը:

 

Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում