ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն հարձակման մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 6-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:
«Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:
Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց:
Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը:
Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին:
Կարծիքներ