Ինչ են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է:
Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։
Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։
Կարծիքներ