Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. Արագածոտնի մարզ է այցելել Չինաստանի դեսպանը

Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել. Արագածոտնի մարզ է այցելել Չինաստանի դեսպանը

Հայաստանում  Չինաստանի  դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու  է  Արագածոտնից: Ճանաչողական այցով  այսօր մարզում է եղել արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։   Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրեց մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնեց  բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերի  մշակման և իրագործման։

Չինաստանի դեսպանն իր հերթին շահագրգռվածություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների խորացման առումով և ընդգծել, որ Չինաստան-Հայաստան  կապը դարերի պատմություն ունի, որի արմատները ձգվում են մինչև «Մետաքսի ճանապրհ»։

«Շուրջ 2000 տարի է՝ Չինաստանն ու Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերություններ, և երկու ժողովուրդների միջև երբևէ թշնամություն կամ ընդվզում չի եղել։ Մենք հակված ենք ընդլայնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- իր խոսքում ընդգծեց  Ֆան Յոնգը՝ հավելելով, որ Չինաստանի պատմության և մշակույթի  մասին հայ ժողովրդի իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են  ձեռենարկվում, նախատեսվում է նաև Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել։

Դեսպանն առանձնահատուկ հետաքրքրություն է հայտնել հայկական որոշ ապրանքատեսակների արտահանման շուրջ։ Այդ ապրանքատեսակներից մեկն, օրինակ, գինին է, որի արտադրությամբ Արագածոտնը Հայաստանում աչքի ընկնող մարզերից է։

Հանդիպման երկրորդ հատվածը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ է ընթացել՝ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրենության և ուսուցչակազմի  հետ հանդիպմանը դեսպանը նշել է կրթական և մշակութային  ոլորտներում հայ-չինական հարաբերությունների սերտացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման կարևորության մասին, հույս հայտնել, որ առաջիկայում դրանք տեղի կունենան և դեսպանատան կողմից մեկնարկող նոր ծրագրի մաս կկազմեն։ Դեսպանը պատասխանել է նաև ուսուցիչների հարցերին։

Չինական պատվիրակության և Արագածոտնի մարզի ղեկավարության միջև պայմանավորվածություն  է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպելու՝ համագործակցության կոնկրետ առաջարկները քննարկելու նպատակով։

Դեսպանի հրավերով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում