Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանը խախտելը ընդլայնում է բռնությունների շրջանակը. ԵԽ պատգամավոր
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պատերազմից հետո Հաղթանակի զբոսայգի բացելը և այնտեղ երեխաներին ատելությամբ սնելը երբեք չի հանգեցնի խաղաղության: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբավորման անդամ, գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը:
«Պատերազմը զզվելի է և անարդար: Հազարավոր սպանված զինվորներ Հայաստանից ու Ադրբեջանից, շատ ավելի տեղահանված քաղաքացիական անձինք: Սա է այն գինը, որը նախագահ Ալիևն անվանում է «աննախադեպ հաղթանակ»,- հայտարարեց գերմանացի պատգամավորը:
Ըստ նրա՝ հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:
Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Նրանք տեղակայվել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ սահմանային հատվածներում: Ներկայում ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինծառայող կա:
Կարծիքներ