Զախարովան կրկին անդրադարձել է «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին
Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ «3+3» խորհրդատվական, տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին՝ ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը Հարավային Կովկասի երկրների և հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասին է։ Մենք կարծում ենք, որ եկել է այս ծրագրերը գործնական հարթություն բերելու ժամանակը»,- նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այդ ձևաչափի ապագա բոլոր մասնակիցների շահերին։
«Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը։ Հարցերը շատ են, նախկինում առկա խնդիրները, համաճարակի հետ կապված իրավիճակի տեսքով, ունեն նոր երանգներ: Դրանք էլ նոր շեշտադրումներ են դնում, հետևաբար ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Կարծիքներ