Աշխարհը այս տարի նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-ամյակը, իսկ մեր ընդդիմադիրները մի «նախկին» եկեղեցականի գլխավորությամբ ֆաշիզմ են քարոզում. Թորոսյան
Ազնվական և խառնածին հայերի մասին
Երբ ասում ենք, որ այս շարժումը պատմական և անիրական Հայաստանի պայքարն է ընդդեմ իրական Հայաստանի, կամ հետադիմականության պայքարն է ընդդեմ առաջադիմականության, միշտ չէ, որ միանգամից պարզ է դառնում, թե ինչ ենք նկատի ունենում:
Եվ այդտեղ հաճախ մեզ օգնության են հասնում հենց «պայքարի» առաջամարտիկները:
Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրի տակ բարձրախոսը ձեռքին ելույթ ունեցողներիրց մեկը խոսում էր ազնվական ու խառնածին հայերի մասին: Այո, այո, չեք սխալվում` հենց ազնվական և խառնածին հայերի և նրանց իրավունքների մասին: Արդեն սպասում էի, որ կոչեր կհնչեն սպանել բոլոր խառնածիններին, մոտավորապես այնպես ինչպես Հիտլերն էր սպանում հրեաներին, կամ երիտթուրքերը` հայերին: Ու նման լոզունգներով պայքարում են նույն իրենց պատկերացրած թուրքի դեմ` նրանից ոչնչով չտարբերվելով:
Աշխարհը այս տարի նշում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-ամյակը, իսկ մեր ընդդիմադիրները մի «նախկին» եկեղեցականի գլխավորությամբ ֆաշիզմ են քարոզում, հեռու չի երևի այն օրը, երբ խարույկի վրա այրելու կոչեր էլ կհնչեն «խառնածին» և միգուցե այլադավան հայերին կամ ոչ հայերին, ովքեր ՀՀ քաղաքացի են կամ ապրում և արարում են Հայաստանում:
Ու այս մարդիկ 21-րդ դարում իշխանություն են ուզում վերցնեն, որ առանց որևէ մեկին հաշիվ տալու «ազնվականներով» հավաքվեն ու հալածեն «խառնածիններին»: Սա է այս և նպանատիպ շարժումներիր իրական իմաստը և նպատակը` մարդկանց դասակարգումը ազնվականների և մնացածների, ֆեոդալական հասարակարգի հաստատումը, ինչպես միջնադարում, մարդկային ազատությունների մերժումը և այլն: Մնացածը ծխածածկույթ է:
Հ.Գ. պատկերացրեք նույն Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, ինչ-որ մեկը մարտի դաշտում ազնավական ու խառնածին տարբերակեր` դրանով որոշելով, թե ով իրավունք ունի կռվել զավթիչների դեմ:
Արսեն Թորոսյան
Կարծիքներ