Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը

Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ պահանջում են վերսկսել մանկապարտեզների ընդունելությունը

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ծնողներ փետրվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Բողոքող ծնողներից մեկը նշեց, որ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով ծնողները համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլ նաև քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու հետ կապված:

«Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել և մինչև օրս ընդունելություն չկա, ինչպես նաև մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես Կառավարությունից եկող ցուցումներին»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները և համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ համապատասխան գերատեսչությունների հետ՝ այս հարցին լուծում տալու նպատակով, հասկանալով շատ աշխատող ծնողներ երեխաներին թողնելու տեղ և հնարավորություն չունեն:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում