Ստեղծագործելով «ՄԻԱՍԻՆ». ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդես
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան:
Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները:
Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործական աշխատանքներ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստի, կինոարվեստի և քանդակագործության բնագավառներից:
«ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի իրականացման կարևորագույն ուղերձն է՝ համախմբել ուսման մեջ, ստեղծագործական աշխատանքում իրենց բացահայտող շնորհալի, կամային ու ջանասեր մանուկներին և պատանիներին:
Ծրագրի կազմակերպիչն է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը:
Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 5-ը:


Կարծիքներ