Կրեմլը հերքել է Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու մասին տեղեկությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանել այն լուրերը, որ Մոսկվան ինչ-որ անձանց է ուղարկել Բելառուս՝ հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հաղորդում է Gazeta.Ru-ն:
«Իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն: Ռուսաստանը և Բելառուսը միութենական պետություն են, դաշնակիցներ, ամենամոտ գործընկերներ, հետևաբար, այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ռուսաստանցիների կալանավորման հետ կապված միջադեպը պետք է պարզաբանվի: Մոսկվան հուսով է, որ շուտով տեղեկատվություն կստանա, որը լույս կսփռի նշյալ հանգամանքների վրա:
Հուլիսի 29-ին Բելառուսում հաղորդել էին, որ Մինսկի մոտակայքում ձերբակալվել են «Վագներ» արտասահմանյան մասնավոր ռազմական ընկերության ավելի քան 30 զինյալներ, որոնք պլանավորում էին նախընտրական քարոզարշավի ընթացքում երկրում ապակայունացնել իրավիճակը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարվածն արտակարգ պատահար է անվանել:
Կարծիքներ