Կառավարությունը Հռոմի ստատուտը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հռոմի ստատուտը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն այն չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։
2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։
Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին հրապարակել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կարծիքներ