«Բջնի և Նոյ» ու «Դերժավա-Ս» ընկերությունների ղեկավարությունը աշխատակիցներին հորդորել է մասնակցել ընդդիմության հանրահավաքին
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Բջնի և Նոյ» ընկերության գրասենյակից աշխատակիցներին առաջարկել են մասնակցել այսօր՝ մայիսի 1-ին, տեղի ունեցող ընդդիմության՝ «Դիմադրության շարժում» հանրահավաքին։ Այս մասին ասաց Civic.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ։
«Այնտեղ հիմնականում առաքիչներն են։ Առաքման բաժնի պետ Մանուկյան Արթուրն է կանչել աշխատակիցներին՝ առաջարկել է մասնակցել ընդդիմության երթին, որոշները մասնակցում են արդեն։ Աշխատակիցներից մի քանիսը նաև «Հանրապետական» կուսակցության նախորդ քայլերթին էլ են մասնակցել՝ իրենց վերադասի առաջարկով։ Թեպետ չեն պարտադրում աշխատակիցներին, միայն առաջարկում են, բայց գիտեք այսօր այդ առաջարկից հրաժարվելն ինչ կարող է արժենալ»,-ասաց մեր զրուցակիցն ու նշեց, որ «Բջնի»-ի առաքման բաժնում մոտ 40-50 աշխատակից կա․ «Համարյա ոչ մեկը չի ուզում գնալ, ով էլ գնում է, թողնում փախնում է, «Հանրապետական» կուսակցության կազմակերպած երթին ևս մասնակցելու համար, ովքեր գնացել էին՝ փախել են հանրահավաքից, այդ օրը նաև «Դերժավա-Ս» ընկերության աշխատակիցներից էլ են եղել։ «Բջնի և Նոյ» ընկերությունը նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին է պատկանում, իսկ «Դերժավա-Ս» ընկերությունը՝ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին։
Մենք փորձեցինք կապ հաստատել «Բջնի և Նոյ» ընկերություն, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ «Դերժավա-Ս» ընկերության անվտանգության աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ այսօր ոչ աշխատանքային է, իսկ մամուլի պատասխանատուի բջջային կոնտակտ չի կարող փոխանցել։
Կարծիքներ