Հույս ունենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. Թասմագամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կառույցում։
Այս մասին, ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կհստակեցնի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում՝ հրաժարվել կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:
Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
Կարծիքներ