Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Քարդաշյանների ընտանիքի վերաբերյալ ռեալիթի շոուի հերթական թողարկմանն առաջին անգամ անդրադարձել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության խնդիրներին:
Ինչպես հայտնի է, զույգը ամուսնալուծության մասին առաջին անգամ խոսել է տարվա սկզբին, բայց չի մեկնաբանել իրենց բաժանումը:
Քիմի ու Քանյեի հարաբերությունների թեման առանցքային դարձավ նոր դրվագում, որը նկարահանվել է Թահո լճում ընտանիքի արձակուրդի ընթացքում:
Քարդաշյան ընտանիքի նոր թողարկումից հայտնի է դարձել, որ ուղևորությունից անմիջապես առաջ զույգը վեճ է ունեցել, և Քիմը շատ է անհանգստացել:
Արցունքներն աչքերին նա պատմել է իր քույրերին, թե ինչն է իրեն ստիպել բաժանվելու ամուսնուց:
«Անկեղծ ասած, այլևս չեմ կարող: Ինչո՞ւ եմ դեռ այնտեղ, որտեղ երկար տարիներ խրված եմ եղել: Նա ամեն տարի տեղափոխվում է մեկ այլ նահանգ: Եվ ես պետք է նրա կողքին լինեմ` երեխաներին մեծացնելու համար», – ասել է Քարդաշյանը:
Միևնույն ժամանակ, նա Քանյեին անվանել է հիանալի հայր, որը «զարմանալի աշխատանք է կատարել»:
«Կարծում եմ, որ նա արժանի է մեկին, ով կարող է աջակցել իրեն ամեն քայլափոխին, հետևել նրան ամենուր և տեղափոխվել Վայոմինգ: Ես դա չեմ կարող անել: Նա պետք է ունենա կին, որը կաջակցի իրեն ամեն հարցում, կճանապարհորդի նրա հետ և ամեն ինչ կանի նրա համա»,- ասել է Քիմը:
Նա պատմել է, որ իրեն անհաջողակ է զգում, քանի որ չի կարող լինել այն կինը, որն, իր կարծիքով, Ուեսթին պետք է:
Քիմը նաև հավելել է, որ իր և Քանյեի միջև թշնամանք չկա:
«Պայքար չկա: Հիմա ամեն ինչ հանգիստ է, և ես պարզապես ապրում եմ դրանով», – պարզաբանել է նա:
Կարծիքներ