Քննիչ հանձնաժողովով ապացուցում են կանխավարկածը՝ ընդդիմությունն ուզում էր հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանալ. Ալեքսանյան

Քննիչ հանձնաժողովով ապացուցում են կանխավարկածը՝ ընդդիմությունն ուզում էր հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանալ. Ալեքսանյան

Եվս մեկ անգամ ապացուցվում է այն կանխավարկածը, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանար և մեր ձեռքերին փորձեր արյուն քսել:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության՝ հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու մտադրությունը:

«Հենց դրանով էր պայմանավորված, որ ամեն ինչ արեցին, որ բախումը տեղի ունենա, Գալստանյանը խնդրում էր ոստիկաններին, հանել սաղավարտները, ասում էր ձեզ ոչինչ չի լինի: Ասելուց ընդամենը 20-30 րոպե հետո ոստիկանների գլխին սկսեցին քարեր նետել: Այդ ամեն ինչը նպատակ ուներ ստանալ դրամատիկ պատկեր, կուզենային, որ զոհեր լինեին, հնարավորինս շատ արյուն թափվեր, սակայն դա տեղի չունեցավ:

Դա իրենց պլանի հաջորդ քայլը պետք է լիներ, որ զոհեր լինեին, հետո քննիչ հանձնաժողով: Մաքսիմալ Մարտի 1-ի էֆեկտ էին էլի փորձում ստանալ, բայց քանի որ իրենց պլանը իրենց նման ապիկար էր ու չհաջողվեց որպես էդպիսին, էդ քննիչ հանձնաժողովը մեծ հաշվով առնվազն լրջություն չեմ կարծում, որ ստանա:

Փաստացի ցույցի ժամանակ չեն ստացել իրենց երազած Մարտի 1-ի էֆեկտը, բայց հիմա փորձում են ամեն դեպքում հետագա քայլերն անել էնպես, կարծես թե ստացել են: Ո՛չ, իրենց չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կենտրոնում քաղաքացիների արյուն թափել»,- ասաց Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում