Արամ Մեյմարյանը կգործուղվի Շվեդիայի Թագավորություն. Պատրիկ Սվենսոնի հետ մանրամասներ է քննարկվել
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
2022 թվականին լրանում է ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակը, որը կրկին անցկացվելու է Ստոկհոլմում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 4-ը գործուղվելու է Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են կայանալիք մեծամասշտաբ միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր: Դեսպան Սվենսոնն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել նախարարի տեղակալին միջոցառմանը մասնակցության օրակարգի շուրջ աշխատանքների ընթացքում։
Կողմերը քննարկել են նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության այլ ուղղություններ, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառներին և կենսաբազմազանությանը վերաբերող հարցերի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը և համագործակցել նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, ինչպես նաև թափոնների կառավարման շուրջ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունն այն ուղղություններով, որտեղ Շվեդիան ունի հաջողված փորձ։
Կարծիքներ