Զարմանալի է քաղաքակիրթ մարդկության անտարբերությունը. ԱՀ ՄԻՊ-ը Բաքվում «ռազմական ավարների պուրակի» բացման մասին
Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունում:
«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը: Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում:
Կարծիքներ