Կապի մեջ ենք մեր համայնքների, պատվո հյուպատոսների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, այդ թվում Մոսկվայում իրավիճակը վերահսկելու համար. ՌԴ-ում ՀՀ դեսպան
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է հայրենակիցներին և հայտնել, որ Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցողը թեև մտահոգիչ է, սակայն կառավարելի է:
«Այս պահին իմ բոլոր գործընկերների, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ գտնվում ենք դեսպանությունում, և փորձում ենք իրավիճակը գնահատել, վերլուծում ենք թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները զանգերը: Կապի մեջ ենք մեր համայնքների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, այդ թվում Մոսկվայում իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է դեսպանը:
Իր խոսքով՝ թեև այս իրադրությունն ինչ–որ իմաստով պայթյունավտանգ է, իսկ սոցիալական ցանցերում էլ կարծիքներ են քննարկվում, տարբեր կրքեր են հրահրվում, քանի որ մարդիկ անհանգստացած են՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում հայազգի գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում և խանութներում, այնուամենայնիվ իրավիճակը կառավարելի է:
Տողանյանը նշել է, որ մշտական կապի մեջ է նաև Ռուսաստանի, մարզերի և Մոսկվայի ուժային բոլոր կառույցների, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի կառավարությունների հետ, որոնք 24-ժամյա ռեժիմով ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելի դարձնելու համար:
«Եվս մեկ անգամ խնդրում եմ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:
Կարծիքներ