Պետբյուջեի ծախսերը աճել են 16.3 տոկոսով. ԿԲ գնահատմամբ՝ ապահովվել է մակրոտնտեսական կայունություն
Հայաստանում 2020-ի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:
Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացության ներկայացմանը:
«Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա: 2020-ին հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5.4 տոկոսով, սակայն հարկային եկամուտների վերանայված ծրագրով նախատեսված ցուցանիշն ապահովվել է»,-ասաց Գալստյանը:
Հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է նաև տարվա երկրորդ եռամսյակում շահութահարկի գծով իրականացվող հիմնարար փոփոխություններով:
«2020-ին պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16.3 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսի համավարակի և ռազմական դրության հետ կապված սոցիալական նպաստների, այլ ծախսերի, դրամաշնորհների, ոչ ֆինանսական ակտիվների գծով, ինչպես նաև կենսաթոշակների գծով ծախսերի աճով»,- ասաց Գալստյանը:
Բյուջեի պակասուրդը եղել է ավելի մեծ, քան կապիտալ ծախսերն են: Հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալիորեն ավելի ծավալների ներգրավմամբ: Պետբյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 տոկոսի:
«2020-ի հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարևոր ձեռքբերում է՝ հաշվի առնելով տարվա մարտահրավերները և դրանց ազդեցության չափերը: Միևնույն ժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես և ամբողջ աշխարհում, արագ արձագանքելով համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, իրականացվել է պարտքի զգալի ավելացման ճանապարհով՝ շեղվելով միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված ծրագրերից»,- ասաց Գալստյանը:
ԿԲ-ն խնդրահարույց է համարում օժանդակության միջոցառումների մասնակի և ամբողջ ծավալով իրականացումը: ԿԲ-ն առանցքային է համարում առաջիկա տարիներին հարկաբյուջետային կարգավորումների շարունակական իրականացման միջոցով միջնաժամկետ պարտքի կայունության նպատակի հստակ ամրագրումը, ինչպես նաև տնտեսության կայուն զարգացման հիմքերի ամրապնդումը:
Կարծիքներ