ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր, ծավալուն փաթեթի օրինագիծ
ԱՄՆ Սենատի Դեմոկրատական կուսակցության 25 անդամներից բաղկացած խումբը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ, ներկայացրել է Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, որը Վաշինգտոնը կարող է ընդունել, եթե Ուկրաինայում իրավիճակը սրվի։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։
Ինչպես նշվում է հանձնաժողովի կայքում, փաստաթուղթը ստացել է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության ակտ» անվանումը։
«Մեզ պետք են պատժամիջոցներ՝ ուղղված պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Պուտինի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և զինված ուժերի տարբեր ճյուղերի հրամանատարների դեմ», - ասվում է օրինագծում:
Բացի այդ, սենատորներն առաջարկել են արգելել Ռուսաստանի առաջնային և երկրորդային սուվերեն պարտքի հետ գործառնությունները, ինչպես նաև սահմանափակումներ մտցնել առաջարկվող ֆինանսական հաստատություններից առնվազն երեքի վրա՝ Սբերբանկ, ՎՏԲ, Գազպրոմբանկ, VEB.RF, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամ, «Մոսկվայի Կրետ-բանկ», «Ալֆաբանկ», «Ռոսսելխոզբանկ», «Պրոմսվյազբանկ» «Սովկոմբանկ» և «Տրանսկապիտալբանկ»:
Մեկ այլ կետով առաջարկվում են պատժամիջոցներ «ֆինանսական հաղորդագրությունների մասնագիտացված ծառայությունների (օրինակ՝ SWIFT) մատակարարների նկատմամբ»:
Նախագիծը նախատեսում է նաև լրացուցիչ շտապ օգնություն հատկացնել Կիևին 2022 ֆինանսական տարում 500 միլիոն դոլարի չափով, եթե իրավիճակը վատթարանա։
Ինչպես նշվում է, այս օրինագիծը «հստակ ազդանշան է ուղարկում» Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի տնտեսության համար «կործանարար հետևանքների» հասնելու Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին։
Ինչպես ավելի վաղ գրել էր The Washington Post թերթը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աջակցել է այս օրինագծին։
Նախանշված առաջարկները, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, նման են այն առաջարկներին, որոնք Մենենդեսը առաջարկել էր ներառել 2021 թվականի աշնանը՝ որպես 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեի փոփոխություն։ Սակայն հետո հանրապետականներն արգելափակեցին օրինագծի հետագա ընդունումը։ 768 միլիարդ դոլարի վերջնական բյուջեն, որը ստորագրվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին նախագահ Ջո Բայդենի կողմից, չի պարունակում դեմոկրատների առաջարկած դրույթները։
Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի նաև հանրապետական սենատոր Թեդ Քրուզի առաջարկած «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների նախագիծը։ Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էին ամերիկյան վարչակազմի Washington Post-ի աղբյուրները, Քրուզի առաջ քաշած նախաձեռնությունները «չի օգնի զսպել Ռուսաստանին», այլ, ընդհակառակը, կթուլացնեն Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դիրքերը։ Ակնկալվում է, որ դեմոկրատների մեծամասնությունը կաջակցի հանրապետական օրենսդիրի նախաձեռնությանը։
Կարծիքներ