Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը սնունդն է. հայտնի են հետազոտության արդյունքները

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը սնունդն է. հայտնի են հետազոտության արդյունքները

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը սնունդն է:  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է համաճարակաբանական հետազոտության արդյունքները, ըստ որոնց, հայտնաբերվել են «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչներ: Ուսումնասիրությունները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:

Սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։

2022 թվականի հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից հոսպիտալացված է 17 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է թեթև։

Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, խուսափել գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:

«Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե, սննդամթերքը պահեք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար, շուտ փչացող սննդամթերքը պահեք սառնարանում, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմեք բժշկի»,-ասված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում