Պուտինը Բայդենի հետ զրույցն «առարկայական ու կառուցողական» է որակել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ զրույցը բաց, առարկայական և կառուցողական է անվանել՝ կարևորելով երկխոսության շարունակականությունը, հայտնում է «Արմենպրես»-ը:
ՌԴ նախագահը նշել է, որ Բայդենի հետ համակարծիք են եղել այն հարցում, որ երկրները պետք է շարունակեն երկխոսությունը կիբերանվտանգության հարցում:
«Ռուսաստանը բառացիորեն մի քանի օրվա, շաբաթվա ընթացքում կնախապատրաստի և ԱՄՆ-ին կհանձնի անվտանգության հարցերով իր առաջարկները»,- հայտնել է Պուտինը:
Կրեմլը և Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակամուրջը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Ըստ նրա՝ խոսակցությունը կտևի այնքան, որքան պետք է. նմանատիպ բանակցությունները հստակ «թայմինգ» չեն ունենում:
Կարծիքներ