Սպասված «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը. լուսանկարներ
Երեկ ՝ սեպտեմբերի 14-ին, Մոսկվա կինոթատրոնը մարդաշատ էր։ Պատճառը՝ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ «Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունն էր, որը վերջապես մեկ տարվա դադարից հետո մեծ էկրաններ բարձրացավ. Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով այն հետաձգվեց։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Կիրակոսյանը ֆիլմում առկա է սև հումոր։ Ֆիլմի անձնակազմի գլխավոր նպատակը կինոդիտողին հաճելի ժամանց և ուրախ տրամադրություն պարգևելն է և որ, ամենակարևորն է, փոխել մարդկանց ընկալումը սևազգեստ կանանց վերաբերյալ։
«Շատ մանրակրկիտ ենք աշխատել սցենարի վրա, բոլոր նրանք, ովքեր կդիտեն ֆիլմը, վերջում կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա ես ցանկանում էի, որ դրանով վերջապես կոտրվի սևազգեստ կանանց հանդեպ բացասական վերաբերմունքը»,- պատմեց Գոռը։
Նրա խոսքով՝ նման թեմայով ֆիլմ նկարահանելու միտքն առաջարկել է իր ընկեր Դավիթ Բաբախանյանը։ Հետագայում նրանց է միացել Աշոտ Աբրահամյանը, ինչից հետո սկսել են աշխատել սցենարի շուրջ, որն ավարտել են 2020թ-ի մարտին:
«Սևազգեստ կանայք» ֆիլմի գլխավոր հերոսներն են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արտյոմ Մարկոսյանը և այլք։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հոգեհանգստի ժամանակ, որին, բացի հանգուցյալի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև նրա սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։
«Սևազգեստ կանայք»-ում հանգուցյալին մարմնավորում է դերասան Արտյոմ Մարկոսյանը, ով խոսելով իր կերպարի և դագաղում պառկելու մասին, ասաց․
«Ես կխոստովանեմ և կասեմ, որ մինչ նկարահանումը փորձ չենք արել, ես առաջին անգամ հենց նկարահանման հրապարակում եմ պառկել դաղագի մեջ, և ամեն ինչ միանգամից ստացվել է։ Ինձ համար ամենադաժանը շոգը հաղթահարելն էր։ Չափազանց շոգ էր, իսկ ես ստիպված էր նաև շունչս պահել»,- անկեղծացավ դերասանը։
Անդրադառնալով դերասաններին՝ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատմեց, որ նրանց ընտրել է սցենար գրելու ժամանակ․
«Եթե ես կրկին նկարահանեի ֆիլմը, ապա նորից հենց նրանց կնտրեի։ Բոլորն իրենց կերպարներին շատ լավ են մարմնավորել, չկա մեկը, ում փոխարեն ես կցանկանայի, որպեսզի այլ դերասան կամ դերասանուհի լիներ։ Բոլորի հետ նախնական քասթինգ ենք արել, բոլորը միանգամից սիրել են իրենց կերպարներին»,- նկատեց Գոռը։
Գոռ Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ «Սևազգեստ կանայք» կինոկատակերգությունը շատ շուտով ցուցադրվելու է Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։
Կարծիքներ