Ինչո՞ւ է էլեկտրոնային ծխախոտն այդքան վտանգավոր թոքերի համար
Էլեկտրոնային ծխախոտ ծխող յուրաքանչյուր 5-րդ մարդ բախվում է թոքերի քրոնիկ հիվանդությունների հետ: Այս մասին ասվում է Բոսթոնի համալսարանի մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ քրոնիկ հիվանդությունների հայտնվելու ռիսկը գրեթե 31 տոկսով բարձր է՝ համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն ծխել:
Էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ հաճախ հանդիպում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), էմֆիզեմա, քրոնիկ բրոնխիտ եւ ասթմա:
Այդ հիվանդությունների զարգացման ռիսկի աստիճանը բացահայտելու համար մասնագետները վերլուծել են պացիենտների սովորությունները, որոնց մոտ 2013-ից 2018 թվականներին ախտորոշվել է ռեսպիրատոր հիվանդություններից մեկը: Պարզվել է, որ հետազոտության 14 000 մասնակից երբեք չի ծխել էլեկտրոնային ծխախոտ, այն դեպքում, երբ ավելի քան 5000 մարդ հրաժարվել է վնասակար սովորությունից, իսկ մոտ 2300-ը ծխել է հետազոտության անցկացման պահին: Պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտից օգտվող 144 մարդու մոտ զարգացել է քրոնիկ բրոնխիտ, 119-ի մոտ՝ ասթմա, 94-ի մոտ՝ ԹՔՕՀ, 62-ի մոտ՝ էմֆիզեմա:
Ստացվում է, որ գրեթե յուրաքանչյուր 5-րդ ծխողի մոտ ախտորոշվում է 4 ռեսպիրատոր հիվանդություններից գոնե մեկը: Թոքերի հետ կապված խնդիրներ են գրանցվել էլեկտրոնային ծխախոտ ծխելը թողած մարդկանց 15 տոկոսի մոտ: Նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել էլեկտրոնային ծխախոտ, ռեսպիրատոր հիվանդությունների առաջացման ռիսկը գնահատվել է 10 տոկոս:
«Մեր հոդվածն առաջիններից է, որում ասվում է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխելը կարող է հանգեցնել շնչառական օրգանների երկարատև վնասմանը»,-ասել է հետազոտության համահեղինակ Էնդրյու Սթոուքսը:
Կարծիքներ