Անվտանգության նկատառումներով Սաակաշվիլիին դատարանի դահլիճ չեն բերի
Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական միջոցների յուրացման գործով դատական նիստը։ Սակայն Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվում է Սաակաշվիլիին բերել դատարան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անվտանգության նկատառումներից ելնելով դատարանի դահլիճում ներկայացված լինելը կապված է որոշակի ռիսկերի հետ։ Այս փուլում դատապարտյալը հրաժարվում է բուժումից, դատավարությանը հանձնելը լրացուցիչ վտանգ է ներկայացնում նրա առողջության համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատական նիստերն անցկացնել հեռավար կամ բանտային հիվանդանոցում։
Մինչդեռ, նախկին նախագահի փաստաբան Շոթա Թութբերիձեի խոսքերով,Առողջապահության նախարարության կողմից ստեղծված բժշկական խորհրդին թույլ չեն տվել մտնել Գլդանի թիվ 18 բանտ, գրում են վրացական ԶԼՄ-ները:
Բժիշկները երկու ժամ սպասել են, հետո նրանց հայտնել են, թե աշխատանքային ժամն ավարտվել է։
Հայտնի է դարձել, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի ինը պատգամավոր հացադուլ է հայտարարելու՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։ Նրանք պահանջում են Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական բուժհաստատություն և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։
Կարծիքներ