ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի հաղթողները
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Մրցույթը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար:
Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջույնի խոսքում նշել է. «Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շատ կարևոր է ճանաչել և պահպանել մեր ժառանգությունը՝ չմոռանալով, որ հայկական մշակույթը նաև համամարդկային արժեք է: Ունենալով վտանգված մշակութային ժառանգություն՝ նմանօրինակ միջոցառումներով հատուկ ընդգծում ենք, որ մենք տեր ենք մեր մշակույթին, դրա կրողներն ենք ու պահպանողները»:
Հիշեցնենք, որ համաձայն մրցութային կանոնների՝ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից որևէ հատվածի լուսանկարներ, և այն աշակերտը կամ սովորողը, որը մեկնաբանությունների հատվածում առաջինն է ճիշտ պատասխանել «Ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում» հարցերին, դարձել է տվյալ օրվա հաղթողը: «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի շրջանակում եղել են 7 հրապարակումներ, որոնց մեկնաբանություններում գրվել է շուրջ 500 պատասխան:
Հաղթած 7 աշակերտներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրացուցային կարևոր իրադարձությունները (այս դեպքում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը) այս կերպ նշանավորվում են իբրև կրթական օրեր:
«Սա հավելյալ առիթ է՝ լրացուցիչ ուսումնասիրությունների, ճանաչողության բարձրացման, իսկ դա ոչ այլ ինչ է, քան սովորելու գործընթաց»,- ասել է փոխնախարարը:
Աշակերտներին շնորհավորել և հուշարձանների նկատմամբ նրանց հետաքրքրությունը կարևորել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը չի սահմանափակվի միայն այդ մրցույթով:
«Հուսով եմ՝ ձեզնից շատերը կգտնեն իրենց տեղը նաև մշակույթի ոլորտում, իսկ մենք՝ որպես գերատեսչություն, մեր կողմից ամեն ինչ կանենք՝ խրախուսելու ձեր ներկայությունն ու մասնակցությունը մշակութային կյանքին»,- հավելել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հատկանշական է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մրցույթի 7 հաղթողներից 3-ը նախորդ՝ Գրքի տոնին նվիրված մրցույթում արդեն իսկ հաղթած աշակերտներն են:
«Րաֆֆին ասել է՝ ով չի ճանաչում հայրենիքը, նա չի կարող ճշմարտապես սիրել այն,- ասել է մրցույթի հաղթողներից Անուշ Գասպարյանը և հավելել,- ինքս էլ փորձում եմ ճանաչելով սիրել իմ հայրենիքը և շատ հետաքրքրված եմ մեր մշակույթով»:
Գոշի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գոհար Ամիրխանյանն էլ նշել է, որ իր գրադարանում ունի պատմամշակութային հուշարձանների մասին գիրք, ու թեև մրցույթը բավականին բարդ էր, բայց ինքը դարձել է հաղթողներից մեկը՝ շնորհիվ այդ գրքի:
Աշակերտները վստահեցրել են, որ կշարունակեն ակտիվորեն մասնակցել բոլոր մրցույթներին և նոր հաղթանակներ ունենալ:
Կարծիքներ