Արմավիրի մարզպետը հետևել է Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արմավիրի մարզպետը հետևել է Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրեր, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Մյասնիկյանում մարզպետին ներկայացվել է, որ հաշվետու տարում բնակավայրում հաստատվել է 106 մլն 501,99 հազար դրամ ընդհանուր ծրագրային արժեքով համաֆինանսավորման երեք ծրագիր՝ նախատեսված Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի 7416 քմ հատվածի ասֆալտապատման, 1967-68 թվականներին կառուցված մշակույթի տան վերանորոգման և մանկապարտեզի ցանկապատման համար:

Հաջորդիվ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Դալարիկ բնակավայրում, որտեղ 2021 թվականին հաստատվել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր, որից չորսով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մեկն ավարտվել է: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 102 մլն 222,98 հազար դրամ:

Ամփոփելով շրջայցը՝ մարզպետը կարևորել է համայնքային ծրագրերի կատարման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալն ու դրանք հնարավորինս սեղմ ժամկետում լուծելը: Ըստ մարզպետի՝ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները հաշվետու տարում ակտիվ են ընթացել, արձանագրվել են նաև ժամկետների խախտումներ, որոնք շինարարները կլրացնեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում