Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովն ամենաբարձր մարմինն է։ ԱԺ-ում բոլորն, ինչ ասես, կարող են խոսել։ Ինչքան սուր հարցադրումներ եք անում, կամ պատգամավորներ կան՝ սուր հարցադրումներ են հնչեցնում, մեր խնդիրն է լսել,խոսել և հակադարձելուց այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Այս միջավայրը, պետական ընկալումները մերժում են «տղայական» մոտեցումները։ Այդ պատճառով խոսվում է պետականության, պետական ինստիտուտների կարևորության, դրա բարեվարքության մասին։ Ես ցանկանում եմ այդ բարեվարքությունը տեսնել ուժային բոլոր կառույցներում, նման զարգացում տեսնում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։

Հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Արգիշտի Քյարամյանի պահվածքի հետ կապված քննարկումներ եղել են, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ ոչ, բայց կարծում է, որ այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում