Կրակոցներ Արագածոտնի մարզում. ատրճանակով զինված քաղաքացին վնասազերծվել է, կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:Ժամը 16:50-ի սահմաններում Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերվծել են կրակոցներ արձակած քաղաքացի։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Պարեկները նկատել են, որ «Գնթունիկ»-ի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մոտենալով դեպքի վայր, տեսել են, որ մի քաղաքացի զինված է ատրճանակով, իսկ դեպքի վայրում էլ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ այդ քաղաքացին կրակոցներ է արձակել տաքսիստ Ազատի ուղղությամբ։
Իրավապահներին հաջողվել է վնասազերծել կրակողին, ապա նրան տեղափոխել ոստիկանության Ապարանի բաժին։
Տուժածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա թիկունքի հատվածում եղել է կրակոցի 3 հետք։ Այս պահին վիրավորը գտնվում է Ապարանի բժիշկների հսկողության տակ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։
Տեղում shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ կրակողն ու վիրավորը իրենց ավտոմեքենաները շահագործում են որպես տաքսի։
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որից հետո Գագիկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ազատի ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով, տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Ազատ Տոնոյանն է, իսկ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Մկրտչյանը։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ