Մինչ օրս գերությունից վերադարձվել են 173 զինծառայող և քաղաքացիական անձ. ԱԱԾ
ԱԱԾ-ն տեղեկատվություն է հրապարակել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022 թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2022 թ. նոյեմբերի 10-ի հրամանով հաստատվել են Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը:
16.11.2022 թ. Հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ընտրվել են 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկություն են հայտնել ընդգրկվել Հանձնաժողովի կազմում:
16.12.2022 թ. տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների 100-ից ավելի անդամներ:
29.12.2022 թ. Հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչը, առանձնացվել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, այդ թվում՝ անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումներում բարձրացված հարցերը:
Հանձնաժողովի երեք նիստերի վերաբերյալ համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱԱԾ պաշտոնական կայքէջում:
30.12.2022 թ. ԱԱԾ-ում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի հանդիպումը գերեվարված, անհայտ կորած անձանց ընտանիքների 90-ից ավելի անդամների հետ:
Ծնողների հետ մշտական կապը ապահովելու համար Ուլնեցու 56/5 հասցեում ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները ծնողներից, հարազատներից ստացված դիմումները, առաջարկությունները արձանագրում են և փոխանցում աշխատանքային խմբին:
2023թ. փետրվարի 8-ից ամենօրյա ռեժիմով նույն հասցեում տեղի են ունեցել ծնողների խմբի և աշխատանքային խմբի անդամների հանդիպումներ:
27.02.2023 թ. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում անհայտ կորած անձանց ընտանիքների 80-ից ավելի անդամների հետ:
Հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը, բացի ծնողների հետ հանդիպումներից, հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովին 2022 թ. դեկտեմբերի 19-ից մինչ օրս ներկայացվել է 101 գրավոր դիմում՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, իրավական, առողջապահական, սոցիալական բնույթի հարցադրումներով: Բացի այդ, եղել են նաև բանավոր դիմումներ: Դիմումների քննարկման արդյունքում դրանց մի մասին տրվել են անհրաժեշտ լուծումներ, ներկայացվել են պահանջվող տեղեկությունները, իսկ մյուս մասը ուղարկվել է իրավասու գերատեսչությունների քննարկմանը՝ տեղեկություններ, առաջարկներ ներկայացնելու համար:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը կարևորելով՝ ՀՀ արդարադատության նախարարությանը Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնարարվել է մշակել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ օրենքի նախագծի հայեցակարգ, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների գնահատում:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ:
44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր (դիակ-մասունք), որոնցից 225-ը զոհվել են 2022 թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում:
2022 թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խոր թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող:
Մինչ օրս գերությունից վերադարձվել են 173 զինծառայող և քաղաքացիական անձ:
Կարծիքներ