Աննա Հակոբյանը Վայոց ձորում այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա
Վայոց Ձոր այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:
Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է, որը կյանքի են կոչում ամբողջ ընտանիքով: Հիմնադիրը տան դուստրն է՝ Լիլիթ Խալաթյանը։ Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրհատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար, որոնց հյուրասիրում են նաև տեղական խաղողից պատրաստած իրենց գինիները: Արփին գաթա թխեց ընտանիքի անդամների հետ, իսկ Աննա Հակոբյանը ողջունեց վերջիններիս ստեղծարար միտքն ու հաջողություն մաղթեց ապագա բոլոր նախաձեռնություններում:
Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ:
Այցի շրջանակներում տիկին Հակոբյանն այցելեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:
Կարծիքներ