Ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. կուսումնասիրվեն կորոնավիրուսային իրավիճակում իրականացված միջոցառումներն ու այլ հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Հանձնաժողովն ուսումնասիրելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը: Ուսումնասիրության առարկա է լինելու նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,- ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին էին ուղարկել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում:
Կարծիքներ