Ֆիրդուսի Ալտ33 մրցույթի հաղթողները հայտնի են
Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի ժյուրին սեպտեմբերի 20-ի առցանց ամփոփիչ նիստում որոշեց Առաջին մրցանակը շնորհել ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին (Վիետնամ).
«Նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում մնացած ժառանգությունը»,- հայտարարության տեքստում նշում է մրցույթի ժյուրին՝ ավելացնելով, որ նախագիծը «ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ չի թելադրում ծրագրում ներառված բազմաթիվ շահառուներին», լինեն՝ ներդրողնե՞ր, թե՞ նախագծողներ, և փոխարենն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք», որով դիզայնի բազմաթիվ ուղղություններ կարելի է իրականացնել։
Մրցույթի համար ընդունվել էր 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից, և ամենաշատը՝ 11 հայտ, Հայաստանից։ Մի քանի հայտեր ներկայացված էին տարբեր երկրներից մասնակիցների համագործակցությամբ։
Երկրորդ մրցանակը ժյուրին որոշել է շնորհել Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագծին (Հայաստան), Երրորդը՝ Յուլյա Լարիկովայի, Իվան Սելեդնիկովի և Անի Պողոսյանի համատեղ աշխատանքին (Գերմանիա)։
Մրցանակները դրամական են և կփոխանցվեն հաղթողների նշած հաշվեհամարներին։ Ներկայացված բոլոր նախագծերը մի քանի օրից առնվազն վեց ամիս առցանց կցուցադրվեն altt33.info կայքում։ Լավագույն աշխատանքները Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կներկայացնի ՀՀ կառավարություն ու Երևանի քաղաքապետարան՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։
Ժյուրիի բարձր գնահատականին են արժանացել ևս չորս նախագծեր՝ Arwest Architects-ի (Հայաստան/Ռուսաստան) և Laap Architects-ի (Իտալիա), Ռաքույբուլ Հասսան Բհուիյանի և Մոհամմեդ Էնֆարեդ Չոուդհուրի (Բանգլադեշ), Պետրո Վլադիմիրովի (Դանիա) և Արթուր Գիլֆանովի (Ռուսաստան) համատեղ ներկայացրած նախագծերը և Արմեն Առաքելյանի (Հայաստան) աշխատանքը։
Մրցույթի ժյուրիի կազմում իրենց ոլորտներում ճանաչված ու հեղինակավոր յոթ մասնագետներ են աշխարհի վեց երկրներից՝ Դոկտոր Ջորջ Արբիդ (Լիբանան), Արեգ Ասատրյան (ԱՄՆ), Նարինե Միրզայան (ԱՄՆ), Սևադա Պետրոսյան (Հայաստան), Իրինա Սուբոտիչ (Սերբիա), Մովսես Հրայր Տէր-Գէորգեան (Բելգիա), Թալին Տեր- Մինասյան (Ֆրանսիա)։
Մրցույթի կազմակերպիչը Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն է, համակարգել է ուրբանլաբը։
Ուրբանլաբը Երևանում գործող շահույթ չհետապնդող քաղաքային անկախ հետազոտահեն կազմակերպություն է, որը Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է բազմաթիվ ճարտարապետական մրցույթներ, որոնց նպատակը քաղաքային կենսապատկերի ժողովրդավարացմանը նպաստելն է՝ խթանելով կայուն զարգացումը բառի ամենալայն իմաստով։
--
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Կարծիքներ