Կինոլոգիական շները «Սուրմալու»-ի փլատակների տակ մարդկանց հետք են գտել. ԱԻՆ խոսնակ
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը
«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքները: Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Հիմա այդ հատվածում տարվում են աշխատանքներ՝ տեսնելու՝ արդյոք կան մարդիկ, թե չէ: Որոշակի ժամանակ հետո հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Կոստանյանը:
ԱԻՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե հրդեհի մարման, թե որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 13 մարդ:
Կարծիքներ