Տեսչական մարմինը դադարեցրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող բենզալցակայանի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 2/5 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել։
Սեպտեմբերի 8-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, և այն ապամոնտաժվեց։
Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։
Կարծիքներ