Մակունցն ընդունելի է համարում Մարուքյանի առաջարկի միայն հուշագիր ստորագրելու վերաբերյալ հատվածը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկի միայն այն հատվածը, որը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրմանը: Այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Երկրորդ հատվածի առումով ասել ենք, որ երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու այդ ուղղությամբ, իսկ առաջին հատվածի առնչությամբ ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ: Կա Սահմանադրություն, և մենք պետք է պատասխանատու լինենք դրա իրականացման համար ու որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Մակունցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Փետրվարի 24-ին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել:
Կարծիքներ