Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել

Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել

Տրինիդադ և Տոբագոյի ղեկավարությունը որոշում է կայացրել Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին մայիսի 2-ին հաղորդել է Տրինիդադ և Տոբագոյի արտգործնախարարությունը։

«Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կառավարությունը նախարարների կաբինետի այսօրվա նիստում որոշում է կայացրել պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը: Արտաքին գործերի և Կարիբյան հանրության գործերի նախարարի հանձնարարականով նախարարների կաբինետը որոշել է, որ Պաղեստինի պաշտոնական ճանաչումը Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության կողմից կնպաստի կայուն խաղաղության հասնելուն՝ Պաղեստինի պետականության հարցի շուրջ աճող միջազգային փոխհամաձայնության ամրապնդման միջոցով, - ասված է գերատեսչության հայտարարության մեջ: - Կառավարության հետևողական դիրքորոշումն այն է, որ խնդրի լուծումը երկու պետությունների ստեղծման հիման վրա միակ ելքն է բռնության շարունակվող շրջապտույտից»։

Ներկայում Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 141-ը, իսկ աշխարհի 95 երկրներում գործում են Պաղեստինի դեսպանություններ և մշտական ​​ներկայացուցչություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում