Վերապատրաստման դասընթացներ զինվորների վերականգնմամբ զբաղվող բժիշկների համար
Բժիշկ ռեաբիլիտոլոգ Վադիմ Մուխամետզյանովը եկել է Ռուսաստանից՝ զինծառայողների վերականգնմամբ զբաղվող հայ մասնագետներին վերապատրաստելու համար։ Նրանց սովորեցնում է՝ ինչպես օգտագործել «Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը, որը շուտով գործարկվելու է Հայաստանի և Արցախի մի քանի բուժհաստատություններում։ Սարքավորումը նվիրաբերել է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը։
«Այսօրամենակարևոր խնդիրը զինվորների վերականգնումն է, և ըստ այդմ մի քանի ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, որոնցից մեկը հենց այս ծրագիրն է մասնագետների պատրաստման և զինվորների վերականգնողական աշխատանքներով զբաղվող կենտրոնների սարքավորումների բազայի արդիականացման համար»,- ասում է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը:
Ռուս բժշկի հետ հնգօրյա դասընթացն անցկացվել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ևս օգտագործվելու է այս սարքավորումը։ Դասընթացին մասնակցել են կինեզոթերապևտներ Երևանից, Գյումրիից և Արցախից։
Հենց դեկտեմբեի 31-ին ստացանք այս սարքավորման մի քանի օրինակ, որոնք նախատեսվում են բաշխել Հայաստանի մի քանի բուժկենտրոններով` ասում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանը:
«Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը հնարավորություն է տալիս մարմնի շարժումներ կատարել առանց ձգողության՝ օգնելով հիվանդին օդում կախված վիճակում շարժել մկանները։
«Քանի որ մեր զինծառայողների մոտ մեծ մասամբ կան նյարդամկանային, հոդային վնասվածքներ, շատ արդիական է այս սարքավորումը վերականգնման գործընթացում ավելի արագ և դրական արդյունքներ ունենալու համար»,- ասում է Տիգրան Վահրամյանը:
Գիտահետազոտական ինստիտուտում այժմ բուժվում է ավելի քան 100 զինծառայող։
Հիմնադրամը շարունակելու է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել և օգնել զինծառայողներին ապաքինվել շատ ավելի արագ։
Կարծիքներ