Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են իրականություն դառնալ նաեւ տնային կենդանիների համար
Կորոնավիրուսը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ շատ կենդանիների համար, ուստի հնարավոր է, որ մոտ ապագայում կենդանիները եւս պատվաստվեն այս վիրուսի դեմ, կարծում են Արեւելյան Անգլիայի համալսարանի, Էրլհեմի ինստիտուտի եւ Մինեսոտայի համալսարանի մասնագետները:
Ըստ Science Focus-ի` մասնագետները կարծում են, որ ընտանի կենդանիների պատվաստումը կօգնի զսպել կորոնավիրուսի տարածումը:
Նրանց խոսքով` կենդանիների մոտ վիրուսի շարունակական էվոլյուցիան, հետագայում փոխանցվելով մարդկանց, զգալի երկարաժամկետ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար: Այդ պատճառով, օրինակ, նախորդ տարի Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել միլիոնավոր ջրաքիսների ոչնչացման մասին, երբ հետազոտությունները ցույց տվեցին, որ երկրում COVID-19-ի հարյուրավոր դեպքեր կապված են ջրաքիսների մոտ առկա կորոնավիրուսի տարատեսակների հետ:
Հայտնի է, որ շները եւ կատուները եւս կարող են վարակվել կորոնավիրուսով: Սակայն հարկ է նշել, որ տնային կենդանիներից մարդուն վիրուսի փոխանցման ապացուցված դեպքեր չկան: Ընդ որում, օրինակ, կատուները կարող են վիրուսի ասիմպտոմատիկ կրողներ լինել, դա արդեն ապացուցված է:
Գիտնականները գործընկերներին հորդորում են դիտարկել կենդանիների համար հատուկ պատվաստանյութերի մշակման հնարավարությունը:
Կարծիքներ