Իսրայելը պատրաստվում է երկու նոր բնակավայր կառուցել Գոլանի բարձունքներում
Իսրայելը Գոլանի բարձունքներում կկառուցի երկու նոր բնակավայր՝ Ասիֆը և Մաթարը, և երկու լրացուցիչ բլոկ կկառուցի Կացրին քաղաքում, որոնց համար կհատկացվի 1 միլիարդ շեքելի (ավելի քան 310 միլիոն դոլար) միջոցներ։ Այս հայտարարությունն արել է կիրակի օրը հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենեթը։
«Տարիներ շարունակ լճացումից հետո այսօր մեր նպատակն է կրկնապատկել Գոլանի բարձունքների բնակչությունը: Այդ նպատակով մենք Կացրին քաղաքը կամրապնդենք երկու նոր շրջաններով: Այդ նպատակով մենք Գոլանի բարձունքներում կստեղծենք երկու նոր բնակավայր` Ասիֆն ու Մաթարը»,- հայտնել են Բենեթի գրասենյակից։
Վարչապետն ասել է, որ Գոլանի բարձունքների զարգացման համար հատկացված 1 միլիարդ շեքելից ավելի քան 500 միլիոն շեքելն ուղղվելու է պլանավորման և բնակարանաշինությանը, 162 միլիոնը նախատեսված է զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի զարգացման համար։ Եվս 160 միլիոն շեքել կուղղվի կյանքի որակի բարելավմանը` տրանսպորտ, բժշկական օգնություն:
Գոլանի բարձունքները, որոնք 1940-ականներից պատկանում էին Սիրիային, Իսրայելը գրավել էր 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ։ 1981 թվականի դեկտեմբերին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց միակողմանիորեն հռչակելով հրեական պետության ինքնիշխանությունը այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձեւով անեքսիան ճանաչվեց անօրինական։
Կարծիքներ