Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Վաշինգտոնն ու Անկարան հավատարիմ են ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում սերտ համագործակցությանը։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ամերիկա-թուրքական ռազմավարական մեխանիզմի շրջանակներում մայիսի 18-ին Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների հրապարակած համատեղ հայտարարության մեջ:
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական մեխանիզմով»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանական, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի ակտիվացման ոլորտում իրենց համագործակցության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլերը, պայմանավորվել են ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Սիրիային, Լիբիային և տարածաշրջանային այլ հարցերի:
Կարծիքներ